Այն տպավորությունն է, ասես, միջուկային զենքը վաղուց արձակվել է, ու մենք բոլորս կորցրել ենք խոսելու ընդունակությունը:
Շուրջբոլոր՝ մարդ-մուրդ չկա, ձեն-ձուն, զանգ ու այց չկա, իրոք՝ միջուկային...
Ու՞ր եք, իմ սիրելիներ, հարազատներ, ընկերներ ու կոլեգաներ, մարդ կա՞ այստեղ:
Բոլորդ իշխանական աթոռին լծված գառնե՞ր եք դարձել, թե՞ Արցախի կորստից ցավում է ձեր սիրտը, բայց խոսել չեք կարող:
Ասեք՝ հասկանանք, մի պահեք ձեր մեջ, ինֆարկտի բույն է լռելը:
Մեր զրույցը չէր վերջանում, հեռախոսս չէր դադարում զրնգալ, ինչքա՜ն էինք կատակում, սուրճ խմում միասին ու զրուցում՝ լավ ու վատից, հին ու նորից: Արցախ ու ազատագրված տարածքներ ունեինք՝ ուժեղ էինք, հզոր էինք, իրար կողք էինք:
Լռվել ենք, պապանձվել ենք, էլ ասելու բան չունե՞նք իրար, էլ իմաստ չենք տեսնու՞մ մարդ լինելու, ապրելու մեջ, ճամպրուկներս այդքան հեշտ կապեցի՞նք և ու՞ր ենք մեկնում:
Խաբվածության զգացումը բոլորի՞ս է հիմարացրել ու չարացրել:
Հենց նոր ազատամարտիկ ծանոթիս՝ հեռուստացույց նորոգող Արմենին տեսա, թերթիկն ուրախությամբ ցույց տվեց ու 66 տարեկան հալովը դեռ հեռվից երեխայի պես ուրախ ձայնեց՝ ստորագրե՜լ եմ, վերջապես կազատվենք Նիկոլ չարիքից...
Այնքան գեղեցիկ ու անկեղծ պահ էր, ասես, սառն ու զուլալ աղբյուր լիներ՝ վառող անապատի մեջ:
Էս հավատով վազեք, արթնացեք ու ստորագրեք: Արմենը պատահական բան ասող չի, նա դժվար հավատացող մարդ է, նույնիսկ՝ ոտքով է գնացել, տեսնելով զարմացա, որ սովետի ժիգուլիով չի: Մոմ վառելու համար ոտքով են գնում, ի՞նչ մեքենա:
Զարմացա նրա պատանեկան խինդից, ռոմանտիկ պատասխանից. բոլորս գիտենք՝ Արմենը չիմացած բանից չի խոսում, մի բառով է կտրում՝ չեմ կարա ասեմ...
Գուցե մի բան ստացվի, մեր երկրից վերանա նիկոլ-միջուկային զենքը, որ գլխներիս ու սրտներիս է արձակվել՝ հինգ տարի անընդմեջ:
Ընդհանուր ցավը, թվում է, մեզ պիտի միավորեր, մինչդեռ՝ էս ի՞նչ ենք անում, աստղային հեռավորություն է գոյացել մեր միջև... Իսկը պահն է՝ միավորվելու, գերիների, մեր բոլոր քաղբանտարկյալների ազատությունը, իշխանության հրաժարականը պահանջելու:
Բանակը ու նրա ենթակա ուժային կառույցները, վստահ եմ, սպանես էլ՝ չեն ստորագրելու, նորանշանակ հրամանատարը իր դերը փայլուն խաղաց՝ չորս հզորի գլուխ ուտելով, լավ էլ բեմադրեց ու մի կողմ քաշվեց, նույնիսկ ես՝ բազմատես ու սրատեսս խաբվեցի:
Հիմա հերթը պատվիրատուինն է, գեներալի տիտղոսով պարգևատրմանը... Ձեռքի հանրածանոթ փաթաթանը չի հանելու, քանի դեռ գեներալ չեն տվել:
Գնացեք ու ստորագրեք, սիրելի գորիսցիներ, Սյունիք. մի մարդու պես կանգնենք Արցախի կողքին, թույլ չտանք նրա օտարումը Հայաստանից:
Սյունյաց բանակը մեզ հետ չէ, բայց Գորիսի իշխանությունը հո մեզ հե՛տ է:
Արցախի կորուստը բոլորիս մեջքը ջարդել է, բայց մի անգամ էլ ձգենք այն ու ոտքի կանգնենք:
Ի դեպ, արևը կեծ էր, շշմեցնող, բայց հասցրի Արմենին ասել՝ հիմա էլ ժողովրդին նոր պատերազմով են սարսափահար անում՝ ստորագրելու դեպքում...
90-ականներին Գորիսի ՀՕՊ-ի հրամանատար Արմենն ասաց՝ եթե պատերազմ, ուրեմն՝ թող պատերազմ, կկռվենք մինչև վերջին մարդը՝ Արցախը չենք տա թշնամուն:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս